Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Քաշաթաղի, Մարտակերտի շրջանների գետերի ջրային պոտենցիալը գնահատվում է»

«Քաշաթաղի, Մարտակերտի շրջանների  գետերի ջրային պոտենցիալը գնահատվում է»
11.02.2014 | 01:34

Բնական ամենաթանկարժեք պաշարներից մեկը՝ ջուրը, առանձնակի կարևորություն ունի ցանկացած երկրի կյանքում։ Շահում է այն երկիրը, որը ժամանակին փորձում է կառավարել իր ջրային պաշարները։ ԼՂՀ կառավարությունը 2009-ից փորձում է ոչ միայն արդիականացնել քաղաքների ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը, այլև գույքագրում է եղածը։ Անցած տարի ԼՂՀ կառավարության պատվերով Երևանի ճարտարապետության, շինարարության պետական համալսարանը (ԵՃՇՊՀ) իրականացրեց «ԼՂՀ ջրամբարների տեխնիկական վիճակի համալիր հետազոտում և անվտանգության հայտարարագրման մշակում» ծրագիրը։ Ի՞նչ է այն և ընդհանրապես, ի՞նչ աշխատանքներ են իրականացվում։ Զրուցում ենք ԵՃՇՊՀ պրոռեկտոր, նշված ծրագրի ղեկավար ԱՐԵՍՏԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ հետ։


-Ծրագիրը երեքամյա է։ Այն մեկնարկել է 2012-ին՝ Սարսանգի ջրամբարի տեխնիկական իրավիճակի հետազոտմամբ։ Երեք տարում պետք է լիարժեք և ընդլայնված աշխատանքներ իրականացնենք փոքրիշատե կարևոր նշանակություն ունեցող ջրամբարներում՝ բացահայտելով դրանց տեխնիկական վիճակը։ Նկատենք, որ տարիներ շարունակ, ֆինանսական սուղ պայմաններից ելնելով, դրանց շահագործումն իրականացվել է ոչ պատշաճ կերպով, մինչդեռ ջրամբարներն ունեն ռազմավարական կարևոր նշանակություն երկրի տնտեսության, բնապահպանության և այլ ոլորտների զարգացման համար։ Այս խնդիրը կարևորելով՝ ԼՂՀ կառավարությունը մեր առջև խնդիր դրեց բացահայտելու ջրամբարների տեխնիկական վիճակը, հասկանալու հնարավոր սպասելիքները և որոշելու անվտանգության աստիճանը։ Այդ աշխատանքներին զուգահեռ պահանջվել է ներկայացնել ջրամբարների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկ։
Անցած տարի մենք համալիր հետազոտություն իրականացրինք Մատաղիսի, Վարանդայի և Խաչենի ջրամբարներում։ Մատաղիսի ջրամբարի տարողությունը 5,2 մլն խմ է, Խաչենի ջրամբարինը՝ մոտ 22 մլն խմ, Վարանդայինը՝ 10-12 մլն խմ։
-Նշված երեք ջրամբարներում հետազոտական աշխատանքներն ավարտված են, ի՞նչ վիճակում էին դրանք։
-Ավարտված են ոչ միայն հետազոտական աշխատանքները, այլև այդ աշխատանքների հիման վրա կազմվել են երեք ջրամբարների ինժեներա-տեխնիկական նախագծերը, որոնք մինչ այդ չկային։ ԼՂՀ կառավարությանն են ներկայացվել հետագա շահագործման ընթացքում պահպանման համար անհրաժեշտ առաջարկությունները։ Ինչ վերաբերում է այդ ջրամբարների առկա վիճակին, ապա պատկերը հետևյալն է. Մատաղիսի ջրամբարը գրեթե ամբողջությամբ լցված է ջրաբերուկներով, Վարանդայի ջրամբարում որոշակի թերություններ կան, որոնք առաջացել են ռազմական գործողությունների հետևանքով, իսկ Խաչենի ջրամբարը գտնվում է բավարար տեխնիկական վիճակում։
-Այդ ջրամբարները շահագործվո՞ւմ են։
-Բոլորն էլ շահագործվում են ոռոգման նպատակներով։ Գյուղատնտեսության զարգացման համար դրանք լուրջ նշանակություն ունեն։ Վարանդայի ջրամբարն ապահովում է ներքին բիեֆի առափնյա հողատարածքների ոռոգումը, Մատաղիսինն այսօր ծառայում է էներգետիկական նպատակներով, Խաչենի ջրամբարը շատ կարևոր է Մարտակերտի հողերի ոռոգման համար։
-Ի՞նչ է նախատեսվում 2014-ին։
-Շուրջ 20 ջրամբարների տեխնիկական վիճակի հետազոտություն, և ինչպես մյուս ծրագրերի դեպքում, այս դեպքում ևս այն դիտարկվելու է համալիր կերպով, այսինքն, հետագա շահագործման անհրաժեշտ ծրագրեր պետք է ներկայացվեն։ Սակայն ամենադժվարն այն է, որ ոչ մի ջրամբարի հին նախագծեր չեն պահպանվել։ Այդ բացը մենք լրացնում ենք, ջրամբարներն ունենում են իրենց նախագծերը։
-Ճի՞շտ է, որ Սարսանգի ջրամբարի նախագիծը նույնպես չի պահպանվել։
-Այո։ Մենք տևական հետազոտություններից հետո բավականաչափ հարուստ նյութ կուտակեցինք ինչպես Սարսանգի, այնպես էլ մյուս ջրամբարների վերաբերյալ։ Առավելապես Սարսանգի ջրամբարի շուրջ ավելի ծավալուն հետազոտություն ենք կատարել։ ՈՒսումնասիրել ենք նաև սեյսմիկ ուժերի ազդեցությունը և շատ ավելի խոր հարցեր ենք դիտարկել, որոնք խիստ մասնագիտական են, և չէի ցանկանա ծանրաբեռնել ընթերցողին դրանցով։
-Ասում են, որ այս տարի ջրամբարներից հետո անցնելու եք Ղարաբաղի գետերի հետազոտությանը։ Ինչպիսի՞ հետազոտություն է իրականացվելու, և ո՞րն է դրա նպատակը։
-Իհարկե, ամեն ասած չէ, որ ճիշտ է, բայց այս դեպքում չեք սխալվում։ Մեզ հանձնարարված է գնահատել Քաշաթաղի, Մարտակերտի շրջանների գետերի ջրային պոտենցիալը։ Այս ուսումնասիրությունները շատ կարևոր են Ղարաբաղի տնտեսության հետագա զարգացման համար։ Առաջիկա օրերին տեղում իրականացնելու ենք չափագրման աշխատանքներ՝ տեխնիկական առաջադրանք ներկայացնելու համար։
-Պարոն Սարուխանյան, 2009-ին ԵՃՇՊՀ-ն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքներում իրականացրեց «Ջրահեռացման և ջրամատակարարման» ծրագիր։ Եթե չեմ սխալվում, այն ժամանակ էլ կազմվեցին ինժեներա-տեխնիկական նախագծեր, արվեցին առաջարկներ, որոնք ներկայացվեցին ԼՂՀ կառավարությանը։ Ի՞նչ արդյունք տվեցին դրանք։
-Այդ ծրագրով 2010-ին ավարտվեցին Ստեփանակերտի, իսկ 2011-ին՝ Մարտունի քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծման աշխատանքները։ Պետք է ասեմ, որ Մարտունիում ամբողջությամբ ավարտված է ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի շինարարությունը։ Եվ, ինչպես վկայում են տեղի շահագործող կազմակերպությունները, իրենք չափազանց գոհ են մեր աշխատանքից։ Այսօր Մարտունի քաղաքն ամբողջությամբ ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Մինչ համակարգի վերակառուցումը քաղաքը ջուր էր ստանում երեք ջրաղբյուրներից, որը չէր բավականացնում։ Ընդ որում, մեկը՝ խորքային հորից, մյուս երկուսը՝ ինքնահոս ջրատարներից։ Ներկայումս Մարտունի քաղաքի ջրամատակարարումը լիովին իրականացվում է վերանորոգված մեկ ջրաղբյուրից: Ինչ վերաբերում է Ստեփանակերտին, այստեղ նույնպես 24-ժամյա ջրամատակարարումն ապահովված է։


Զրուցեց
Հասմիկ ԹԵՐԶՅԱՆԸ

Դիտվել է՝ 2019

Մեկնաբանություններ